ԱՄՆ-ում 3-ամսական Ջեք Վոլֆգրամը ընդունվել է Օհայոյի համալսարան: Երեխայի հոր խոսքով՝ ինքը կատակով նամակ է գրել համալսարանի գլխավոր մարզչին, երբ իր տղան ընդամենը 3 շաբաթական էր: Նամակում ասված էր, որ տղան արդեն պատրաստ է դառնալ համալսարանի ֆուտբոլային թիմի լիիրավ անդամ, գրում է Yahoo Parenting-ը:
Համալսարանի գլխավոր մարզիչ Ուրբան Մեյերը գնահատել էր կատակը եւ պատասխանել էր նամակով: Մասնավորապես մարզիչը հայտնել էր, որ պատրաստ է համալսարանում նոր ավանդույթի հիմք դնել եւ պատրաստ է ընդունել տղային 2033թ.:
«Դու պետք է քաշ հավաքես, սակայն մեր ֆիզպատրաստվածության թիմը կհոգա այդ մասին»,- պատասխանել էր Մեյերը:
Տղայի ծնողները նամակները կդնեն շրջանակի մեջ եւ կպահեն որպես հիշեցում այն մասին, թե ինչ հիանալի հեռանկարներ են սպասում իրենց երեխային:





























