Մեքսիկայի Ներքին Քալիֆորնիա նահանգում վարձու գյուղատնտեսական աշխատողների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել։
Բողոքող բանվորները որոշել էին փակել լոլիկի պլանտացիաներից մեկի մուտքը մյուս աշխատակիցների համար՝ պահանջելով աշխատանքի պայմանների բարելավում, գրում է La Jornada-ն։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները բախումների մեջ էին մտել ցուցարարների հետ։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ վիրավորվել է 30-70 մարդ, որոնցից 7-ի վիճակը գնահատվում է ծանր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեպքի հետաքննությանը միացել է Մեքսիկայի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։ Նահանգապետ Ֆրանսիսկո Վեգա դե լա Մադրիդը կոչ է արել կողմերին հանդարտվել եւ վերականգնել հասարակական կարգը։





























