Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ, ըստ իրենց տեղեկությունների, եգիպտական կենդանիների մումիաների մոտ 1/3-ը կեղծ է։

Մասնավորապես Մանչեսթերի համալսարանի եւ թանգարանի հետազոտողները հայտարարել են, որ մոտ 800 կենդանիների մումիաներ սքանավորելուց հետո իրենք պարզել են, որ նրանց 30 տոկոսը կտորի փաթաթաններ են, որոնց ուրվագծերը կենդանիներ են հիշեցնում, սակայն իրականում նրանք ներսից դատարկ են։

Գիտնականները կարծում են, որ Հին Եգիպտոսում կենդանիների մումիաները մեծ պահանջարկ էին վայելում, եւ որպեսզի բավարարեն այդ պահանջարկը, ստիպված էին լինում կեղծել կենդանիների մումիաները, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Գիտնականների զեկույցում նշվում է, որ կտորի մեջ փաթաթված մումիաների 1/3-ը իրոք կենդանական մնացորդներ են, եւս 1/3-ը միայն մասամբ են իսկական մումիաների մնացորդներ պարունակում, իսկ փաթաթանների 1/3-ը առհասարակ դատարկ է։