Լույս է տեսել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ընդ եղեգան փող» պոեզիայի ժողովածուն։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ռեկտորի օգնական Գոհար Ղումաշյանը, բանաստեղծությունների հավաքածուն հրատարակել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանը, որտեղ 2009թ.-ից գործում է սեփական տպարանը։
Գիրքը ներկայացված է հայերեն եւ ռուսերեն տարբերակով։ Հավաքածուի վրա աշխատել է գրականագետների, թարգմանիչների եւ սրբագրիչների մեծ թիմ։
Հավաքածուում տեղ են գտել արեւմտահայ եւ արեւելահայ բանաստեղծների, դասական եւ ժամանակակից գրողների գործերը, որոնք լուսաբանում են Հայոց ցեղասպանության թեման։ Այդ ստեղծագործություններում ընդգծվում է հայ ազգի՝ ապրելու եւ մտածելու կամքը, նա անխափան հավատը դեպի վաղվա նոր, հզոր, լույսով եւ հավատով ողողված հայրենիքը։
Ղումաշյանի խոսքով՝ գրքի շնորհանդեսը Երեւանում կկայանա մայիսի 21-ին «Արտբրիջ» գրախանութում, որից հետո գիրքը կներկայացվի նաեւ Մոսկվայում։





























