Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այսօր դիմել է համաշխարհային հանրությանը՝ կոչ անելով Իրաքի բնակչությանն աջակցության համար 38.5 մլն դոլար հատկացնել: Նշվում է, որ այդ միջոցներն անհրաժեշտ են՝ կապված «իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց թվի կտրուկ աճի հետ»:
ԿԽՄԿ տվյալներով, 2014 թվականի սկզբից Իրաքում ներքին տեղահանված անձանց թիվն աճել է 300 հազարով՝ հասնելով 2.7 մլն-ի: Պատճառը «երկրի տարբեր շրջաններում թեժացած մարտերն են»:
«Մարտերի շրջաններում կենսական կարեւորության ենթակառուցվածքները վնասվել են: Դա լրջորեն է ազդել հիմնական ծառայությունների վրա, մասնավորապես՝ առողջապահական եւ ջրամատակարարման»,- հայտարարել է ԿԽՄԿ գործողությունների ղեկավար Դոմինիկ Սթիլհարտը, ով 5-օրյա այցով Իրաքում է:
«Լրացուցիչ միջոցները թույլ կտան օգնել 900 հազար մարդու: Խմելու ջրով ապահովումը մեր գլխավոր առաջնահերթությունն է լինելու՝ հաշվի առնելով ամռան մոտենալը: Այդ միջոցները կօգնեն պահպանել կամ վերականգնել նաեւ ռազմական գործողությունների ժամանակ վնասված կամ քանդված բուժհաստատությունները»,- պարզաբանել է նա:
Սթիլհարտի խոսքով, տեղահանված անձիք «սարսափելի պայմաններում» են ապրում: Նրանցից շատերը «բռնությունների եւ սպառնալիքի են ենթարկվել»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, տարեսկզբից ավելի քան մեկ միլիոն իրաքցիներ ԿԽՄԿ-ից պարենային օգնություն են ստացել, 45 բուժհաստատությունների էլ դեղորայք է տրամադրվել: Կարմիր Խաչի ջանքերով բարելավվել է բնակելի վայրերի ջրամատակարարումը, որտեղ ընդհանուր առմամբ 400 հազար մարդ է ապրում:





























