Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջին խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը, ի համեմատ 2010թ. ընտրությունների, ավելի բարձր էր։ Այս ընտրությունները մրցունակ էին։ Այս մասին մայիսի 12-ին «Լեռնային Ղարաբաղ. ընտրություններ հաշտության պայմաններում» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:
Նրա խոսքով՝ բոլոր կուսակցությունները ընդունել են ընտրությունների արդյունքները. ընտրություններին մասնակցած ոչ մի կուսակցություն ձայների վերահաշվարկ չի պահանջել։ Մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կձեւավորեն 6-րդ գումարման Ազգային ժողովը։
«ԼՂՀ առաջին խորհրդարանը ձեւավորվել էր 1991թ. դեկտեմբերին։ Ուզում եմ նշել, որ առաջին խորհրդարանը ընտրվել էր ոչ թե հաշտության, այլ պատերազմական իրավիճակում։ 2-րդ գումարման Գերագույն խորհուրդը ընտրվեց 1995թ.։
Առաջին անգամ համամասնական ընտրական համակարգը ԼՂՀ-ում գործել է 2005թ.։ Այն ժամանակ 11 տեղ հատկացվեց համամասնական պատգամավորներին եւ 22 տեղ՝ մեծամասնական պատգամավորներին։ 2015թ. մենք արդեն 22 պատգամավոր ընտրել ենք համամասնական համակարգով եւ 11՝ մեծամասնական»,- ասաց Մայիլյանը։
Freedom House-ի գնահատականի համաձայն՝ 2010թ. խորհրդարանական ընտրություններում ԼՂՀ-ն նվազեցրել էր իր ցուցանիշը։ «Սակայն 2012թ. նախագահական ընտրությունների շնորհիվ՝ մենք, կազմակերպության որակմամբ, նորից ազատ երկիր դարձանք։ Հուսամ մենք կպահպանենք այդ մակարդակը եւ հետագայում»,- ընդգծեց Մասիս Մայիլյանը։





























