Մայիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բազմակուսակցական պատվիրակությանը՝ Սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Հարի վան Բոմելի գլխավորությամբ։
Նախարար Նալբանդյանը, ողջունելով Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակության առաջին այցը Հայաստան, ընդգծեց, որ խորհրդարանական փոխայցելությունները կարեւոր են երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեռ 2004թ. Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ կարեւորեց, որ պատգամավորները շարունակաբար հետեւողական մոտեցում են ցուցաբերում այս հարցում։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորեց ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանում 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր բանաձեւի ընդունումը։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցող միջոցառումների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, ժխտողականության դեմ պայքարի եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հոլանդացի պատգամավորները նշեցին, որ այցի գլխավոր նպատակը Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունների զարգացմանն իրենց նպատը բերելն է, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներին ծանոթանալը։ Հյուրերը հույս հայտնեցին, որ խորհրդարանական պատվիրակության այցին կհետեւեն այլ բարձրաստիճան այցեր Հայաստան։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպմանը անդրադարձ արվեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հոլանդացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ գործադրվող ջանքերը։





























