ՀՀ Աշխատանքային նոր օրենսգրքում փորձաշրջանի պայմանները առավելագույնս հստակ կլինեն։ Այս մասին մայիսի 12-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերով նախարարության աշխատանքի զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը։

Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը արդեն հավանություն է ստացել Կառավարության կողմից եւ անցել է խորհրդարան։

Պայմանագրում պետք է նշված լինի, թե կոնկրետ ինչ պահանջներ են ներկայացվում աշխատակցին փորձաշրջանի ընթացքում։ «Այդ դեպքում գործատուն չի կարող վերջում ասել, թե չեմ վերցնում, որովհետեւ ինձ դուր չես գալիս, իսկ հետո 3-4 ամսով մեկ այլ անվճար փորձաշրջան անցնող աշխատակից վերցնի»,- նշեց Ավետիսյանը։

Բացի այդ, գործատուն չի կարող փորձաշրջան նշանակել այն աշխատակիցների համար, որոնք նրա մոտ արդեն վերապատրաստվել են որպես աշակերտ։ «Գործատուն պետք է կամ ազատ արձակի նրան կամ միանգամից աշխատանքի վերցնի»,- պարզաբանեց Ավետիսյանը։