Եմենի մայրաքաղաքի ուղղությամբ ավիահարվածները զգալի վնաս են հասցրել Սանայի մշակութային ժառանգությանը: Այս մասին երեքշաբթի հաղորդել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ հիշեցնելով նաեւ, որ այդ քաղաքի հնագույն հատվածը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:
«Մայիսի 11-ին Սանայի պատմական կենտրոնի ռմբակոծությունը հանգեցրել է պատմական նշանակության մի շարք շինությունների լուրջ ավերածությունների»,- ասված է կազմակերպության հայտարարությունում: Վնաս է հասցվել նաեւ նախաիսլամական ժամանակաշրջանի Բարաքիշ ամրոցին:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում նպաստել Եմենի եզակի մշակութային ժառանգության պաշտպանությանը: Առանձնակի մտահոգում են Սանա եւ Սաադա քաղաքների խիտ բնակեցված թաղամասերի ուղղությամբ հասցված ավիահարվածները: Դրանք ոչ միայն մարդկանց տառապանք են պատճառում, այլեւ ոչնչացնում են Եմենի եզակի մշակութային ժառանգությունը»,- նշված է հայտարարությունում:





























