Հուլիսի 20-27 ԼՂՀ ազատագրված շրջաններից մեկում՝ Քարվաճառում,  անցկացվել է ամառային դպրոց, որին մասնակցել են 20-27 տարեկան տարբեր մասնագիտությունների 10 երիտասարդներ: Նրանք ծանոթացել են Քարվաճառի պատմամշակութային վայրերին եւ դասախոսություններ լսել Քարվաճառի ու ազատագրված տարածքների ռազմաքաղաքական նշանակության, գրաբարի,  կրոնների եւ այլ թեմաների մասին։  Դասախոսությունները կարդում էր քաղաքագետ Ալեքսանդր  Քանանյանը։

Ամառային դպրոցի անցկացմանն աջակցել են Ղարաբաղի մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախարարությունները։

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, ամառային դպրոցը շարունակական է լինելու։

«Կազմակերպելով դպրոցը՝ մենք ուզում ենք երիտասարդների ուշադրությունը կենտրոնացնել սահմանամերձ գյուղերի խնդիրների, ազատագրված տարածքների վերաբնակեցման վրա»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ դպրոցի նպատակն է նաեւ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ սփյուռքի երիտասարդության միջեւ կապեր ստեղծելը։

Նշենք, որ ամառային դպրոցին մասնկացում էին երիտասարդներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից։