Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոնում հրատարակվող «JewishLeader» պարբերականը տպագրել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող Ստյուարտ Ջ.Դ.Շվարցշթեյնի հոդվածը:

Ստյուարտ Շվարցշթեյնը 30 տարի շարունակ միջազգային հարաբերությունների հարցերի փորձագետ է, աշխատել է ԱՄՆ պետքարտուղարությունում եւ պաշտապանության նախարարությունում, տարբեր պաշտոններ է զբաղեցրել. եղել է դիվանագետ, վերլուծաբան, միջնորդ, խորհրդական: Նա նաեւ աշխատել է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում: NEWS.am-ը ներկայացնում է Ստյուարտ Շվարցշթեյնի հոդվածը:

Բազմաթիվ ընթերցողներ, անկասկած, գիտեն, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման օրն է: Ես հատուկ եմ այդ եզրույթն օգտագործում. Փրինսթոնի համալսարանից մի պատմաբանից բացի (որը կապեր ունի թուրքական կառավարության հետ), ես Օսմանյան կայսրության պատմությունը կամ այն, ինչը մենք այսօր ցեղասպանություն ենք անվանում՝ մարդկանց կանխամտածված սպանությունն ուսումնասիրող գոնե մեկ լուրջ գիտնական չեմ ճանաչում, որը չհամարեր, որ 1915-1916 թ.թ. ավելի քան 1.5 մլն հայերի սպանությունը պետք է ցեղասպանություն կոչել: Ցավոք, Թուրքիայի կառավարությունն այդպես էլ չի ընդունում, որ այդ «մեծ չարագործությունը» ցեղասպանություն է: Ավելի ու ավելի մեծ թվով կառավարություններ եւ օրենսդիր մարմիններ են ճանաչում դա, սակայն Միացյալ Նահանգների կառավարությունը՝ չցանկանալով սրել Թուրքիայի հետ հարաբերությունները, չի ճանաչել՝ չնայած սենատոր եղած տարիներին ներկայիս նախագահ Օբաման ճանաչել է այդ փաստը, ինչպես եւ նախագահ Ռեյգանը:

Հռոմի Պապը նույնպես վերջերս ընդունեց, որ հայերի սպանությունները ցեղասպանություն են, ինչից հետո Թուրքիայի կառավարությունը հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: Իսրայելի կառավարությունը, ԱՄՆ-ի նման, պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը՝ հոգ տանելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, չնայած բազմաթիվ իսրայելցիներ (ներառյալ՝ JerusalemPost-ի խմբագիրները) օգտագործել են այդ եզրույթը: Հրեաների համար լրացուցիչ ասպեկտ կա. ոմանք կարծում են, որ այդ չարագործության հանդեպ անտարբերությունը հանգեցրեց Հիտլերի եւ նացիստների կողմից հրեաների ցեղասպանության: Հիտլերը նույնիսկ հռետորական հարց է ուղղել. «Ո՞վ է այսօր հիշում հայերի մասին»:

Հակառակ կանխամտածված ժխտմանը, կարելի է ասել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ թուրքական կառավարության անմտությանը, գերմանացիները, ինչպես հայտնի է, ոչ միայն ընդունեցին Հոլոքոստը, այլեւ Գերմանիայի նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերը (ով այս տարվա հունվարին հեռացավ կյանքից) ազնիվ էր եւ համոզիչ:

Որոշ ընթերցողներ կհիշեն 1987 թվականի մայիսի 8-ին Բունդեսթագում նրա ելույթը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 40-ամյակի առիթով ունեցած ելույթում ֆոն Վայցզեկերը նշեց, որ այդ օրը «Մենք հարգում ենք, մասնավորապես, 6 մլն հրեաների հիշատակը, որոնք սպանվել են գերմանական համակենտրոնացման ճամբարներում»:

Նա շարունակեց. «Հրեա ժողովուրդը հարգում է, եւ մենք միշտ հարգելու ենք: Մարդ լինելով՝ մենք միշտ հաշտեցում ենք փնտրում: Եվ հենց այդ պատճառով մենք պետք է հասկանանք, որ առանց հիշատակը հարգելու հաշտեցումն անհնար է»: Ռիխարդ ֆոն Վայցզեկերի համոզիչ ելույթը չպետք է մոռացվի եւ թուրքական կառավարությունը նույնպես պետք է հետեւի գերմանացիների օրինակին, որոնք, մեծ վշտակցությամբ ընդունելով 6 մլն հրեաների սպանության պատասխանատվությունը, հնարավոր դարձրեցին հաշտեցումը: