Ջոհար Ցարնաեւը, որը մեղավոր է ճանաչվել Բոստոնում ահաբեկչություն իրականացնելու համար եւ մահվան դատապարտվել, ամերիկյան հատուկ ծառայությունների զոհ դարձավ: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:

«Ջոհար Ցարնաեւը մահվան է դատապարտվել… Այս լուրը ոչ ոքի չզարմացրեց: Ամերիկյան հատուկ ծառայություններին, որոնց մեղադրեցին բոստոնյան ողբերգությանը մասնակցության մեջ, զոհ էր հարկավոր: Եվ զոհեցին Ցարնաեւին: Այո՛, ես ահաբեկչության դեմ դաժան պայքարի կողմնակից եմ: Չարիք ծրագրող ցանկացած մարդ պետք է չեզոքացվի: Բայց ինձ դուր չի գալիս, որ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ներկայացում են խաղում»,- Instagram-ի իր էջում գրել է Քադիրովը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Քադիրովն ընդգծել է, որ չի հավատում, որ Ցարնաեւ եղբայրներն ահաբեկչությունն իրականացրել են առանց ԱՄՆ հատուկ ծառայությունների գիտության, եթե ընդհանրապես արել են այդ: Այդ առիթով նա հարցադրում է հնչեցրել, ով եւ ինչպես ահաբեկիչ դարձրեց երիտասարդներին, որոնք «լավ էին սովորում, սպորտով էին զբաղվում, երաժշտություն էին գրում»:

«Կատարյալ կենսագրություն նահանգապետի թեկնածուի համար: Ո՞վ կարող է երախշավորել, որ Ցարնաեւին մահվան ուղարկելով՝ վաղը չի պարզվի, որ նա անմեղ էր: ԱՄՆ-ում դա հաճախ է պատահում: Նա 9 տարեկան է եղել, երբ ԱՄՆ է մեկնել: Իսկ Ամերիկան, որին նա հավատում էր, նրան ահաբեկիչ դարձրեց»,- ընդգծել է Չեչնիայի ղեկավարը: