Հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանը դեռ Հայաստանում է: NEWS.am-ի հետ զրույցում զինվորի մայրը՝ Նաիրա Գալստյանը, նշեց, որ այս պահին հնարավոր չէ Գեւորգին արտասահման տեղափոխելը:

«Բժիշկն ասել է, որ միայն վիճակը կայունանալուց հետո է հնարավոր Գեւորգին արտասահման տանելը: Հիմա սպասում ենք, մինչեւ որ բուժումը ստանա: Բացի դրանից՝ հենց մի փոքր տեղաշարժում ենք, ճնշումը տատանվում է եւ շատ վատ է զգում»,- ասաց տիկին Նաիրան:

Նրա խոսքով՝ Գեւորգի բուժումն ավարտվելու է հունիսի 5-ին:

Նշենք, որ վիրավորված զինծառայողի բուժման համար 56 հազար ԱՄՆ դոլար էր անհրաժեշտ: Գումարի մեծ մասը՝ 43 հազար ԱՄՆ դոլարը, հավաքվել էր: Ապրիլի 30-ին կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետը հորդորել էր կառավարության անդամներին գումար հատկացնել զինծառայողի բուժման համար: Մայիսի 7-ին արդեն կառավարության անդամները փոխանցել էին մոտ 11 մլն դրամ:

Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին,  վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն Իսրայելում:

Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել է հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով:

AMD 24100321447500

USD 24100321447501

EUR 24100321447502

Gofundme կայքում նույնպես հաշվեհամար է բացվելով՝ դրամական փոխանցումներ կատարելու համար: