Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական Մայր թատրոնում մայիսի 15-ին կայացավ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին նվիրված հուշ երեկո: Հուշ երեկոյին ներկա էին Ստեփան Գիշյանի մայրը, հարազատները, մտերիմները, գործընկերները:
«Մեկ տարի՝ առանց Ստեփան Գիշյանի ու նրա ներկայությամբ»,- այսպես անցած ժամանակը բնութագրեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ խոսելով ուսանողական ընկերոջ մասին:
«Այս մեկ տարվա ընթացքում նա մեր կողքին չէր, բայց շատ հաճախ ենք հիշել նրան, խոսել նրա հետ, խորհուրդ հարցրել, ծիծաղել, որովհետեւ Ստեփանը լավ հումոր ուներ, շատ հաճախ էլ իր տեսակետներն ենք քննարկել, որովհետեւ ինչ նա հասցրել է անել՝ բավականին մեծ պաշար է բոլորիս համար, որին հետագայում եւս պետք է անդրադառնանք ու քննարկենք: Գիշյանը նոր ստանդարտներ, մոտեցումներ ու մշակույթ է բերել բանկային համակարգ: Թերեւս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ բանկային համակարգում «Ակբա բանկ»-ն իր ուրույն տեղն ունի ու շատ հարցերով տարբերվում է մյուս բանկերից: Առաջին հերթին դա Ստեփանի նոր մոտեցումների արդյունքն է»,-ասաց բանկի ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Հուշ-երեկոյի ընթացքում Հակոբ Անդրեասյանը հայտարարեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» նախաձեռնությամբ ստեղծված «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի մասին:
«Հիմնադրամի գործունեությունն ուղղված է լինելու հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանն ու բարեկամության ամրապնդմանը:
Դրա շահառուներն են լինելու վաղվա սոցիալապես ակտիվ այն երիտասարդները, որոնք կերտելու են հայ-ֆրանսիական բարեկամության նոր ապագան՝ ստեղծելով նոր արժեքներ: Ամեն տարի հոգաբարձումների խորհուրդը կքննարկի առաջարկված ծրագրերը եւ դրանցից կընտրի նրանք, որոնք կհամապատասխանեն հիմնադրամի նպատակներին: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկին, որը հիմնադրամի ստեղծման գաղափարի առաջացման պահից մինչեւ իրականացումն աջակցել է մեզ»- ասել է Հակոբ Անդրեասյանը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)






























