Աբովյանում առեւտրականների հետ կապված որեւէ միջադեպ չի եղել: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առեւտրականները դիմել էին Էդուարդ Բաբայանին (Ծառուկյանի թիկնազորի պետն է-խմբ)՝ խնդրելով հանդիպում կազմակերպել Գագիկ Ծառուկյանի հետ:

Նա նշեց, որ այդ հանդիպումը կազմակերպվել է, առեւտրականները հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ: «Նրանք խնդրանքով դիմել էին, պարոն Ծառուկյանը արդեն հանդիպել է առեւտրականների հետ, խոսել են, խոստացել է աջակցել եւ խնդրին լուծում տալ: Կարող եք առեւտրականներից եւս հավաստիանալ, որ որեւէ միջադեպ չի եղել»,-ասաց մամուլի խոսնակը:

Նշենք, որ առեւտրականները իրենց բողոիք ձայնն էին բարձրացրել՝ նշելով, որ «Առինջ մոլի» բացումից հետո տեղական շուկայում առեւտուրը նվազել է:

Նշենք, որ Աբովյանի շուկայի մի շարք առևտրականներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ  Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի: Ակցիայի ժամանակ Ծառուկյանի թիկնազորը բռնություն է կիրառել առեւտրականների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ «Աբովյան» հեռուսաընկերության տնօրենը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնություն է գործադրվել՝  խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը: Հանգամանքները պարզվում են: