«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությանը» դուր չի եկել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում 7-րդ դարի եկեղեցու տարածքում դպրոցականները ծառեր են տնկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պտղնիի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Արզումանյանը՝ ավելացնելով, որ տնկած ծառերը հանելու պահանջով  ՀՀ մշակույթի նախարարությունը ոստիկանություն է դիմել:

«Մի քանի դասարանների աշակերտներ ծառատունկ էին կազմակերպել եւ մաքրել էին եկեղեցու հարակից տարածքը, եռալեզու ցուցանակ էին տեղադրել, բայց դա դուր չէր եկել Պատմամշակութային արգելոց-թանգարանների պահպանության ծառայությանը, ու նրանք էլ դիմել են ոստիկանություն, որպեսզի այդ ծառերը հանեն, քանի որ, ըստ իրենց, ծառերը ջրելու ընթացքում ջուրը կհոսի եկեղեցու պատի տակ եւ կխարխլի այն»,-ասաց տիկին Արզումանյանը՝ նշելով, որ տնկած ծառերը եկեղեցուց 15-17 մետր հեռավորության վրա են գտնվում եւ թեքության վրա են, այսինքն ջրելուց ջուրը ոչ թե եկեղեցու պատի տակ կհոսի, այլ հակառակ ուղղությամբ:

Տնօրենի խոսքով՝ ինքը եւ գյուղապետը վճռական են տրամադրված եւ թույլ չեն տալու հանել դպրոցականների տնկած ծառերը: 

«Հուշարձանների պաշտպանության ծառայութունը փոխանակ այդ ամենը կազմակերպեր, մի բան էլ երեխաների ինքնաբուխ աշխատանքն են ջուրը գցում, կոտրում նրանց ոգեւորությունը»,-ասաց տիկին Արզումանյանը՝ նշելով, որ գրավոր խրախուսելու են բարեկարգմանը մասնակցած աշակերտներին: 

Հասմիկ Արզումանյանը պնդեց, որ հուշարձանը վտանգված է, քանի որ պատի վրա բուսականություն է աճել եւ վտանգ կա, որ պատը կփլվի:

«Թող իրենք այդ մասին մտածեն, որ պատը չփլվի տակը խաղացող երեխաների վրա եւ մի բան ձեռնարկեն այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Նշենք, որ ոստիկանությունում քրեական գործ չի հարուցվել: Ոստիկանության աշխատակիցները բացատրություն են վերցրել երեխաներից, որոնք ասել են, որ ընդամենը բարեկարգում են գյուղը:

ՊՈԱԿ-ը, ըստ տնօրենի, պնդում է, որ, այնուամենայնիվ, ծառերը պետք է հանվեն հուշարձանի տարածքից:

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 6-րդ դարի վերջին, 7-րդ դարի սկզբին (ճիշտ թվականը հայտնի չէ): Ներկայումս կիսավեր վիճակում է, պահպանվել են միայն հյուսիսային պատը, հարավային պատի արեւելյան հատվածը եւ արեւելյան գմբեթակիր կամարը։