ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը, միասնական ուժերով՝ շարունակում են բնակարանաշինությունը Հայաստանի մարզերում: Այս անգամ թիմերը Վայոց Ձորի Խաչիկ գյուղում մասնակցել են Բաբաջանյանների կիսակառույց տան շինարարությանը, կատարել բետոնապատման աշխատանքներ:
«Ես հեքիաթների չեմ հավատում, բայց սա իսկական հեքիաթ է: Քանի տարի է ընտանիքս ապրում է այս կիսակառույց տան խոնավ ու մութ նկուղում՝ առանց տարրական հարմարությունների: Հիմա, երբ տեսնում եմ, որ տուն ունենալու իմ համառ ու անիրական թվացող երազանքը աչքիս առաջ իրականություն է դառնում, ինչպե՜ս չհավատամ հեքիաթներին»,-ասել է ընտանիքի հայրը՝ Գագիկ Բաբաջանյանը:
Այս գյուղը մեկն է Հայաստանի մի շարք գյուղերից, որտեղ բնակարանաշինությունը ոչ միայն կենսական,այլեւ ռազմավարական անհրաժեշտություն է: Խաչիկի թիկունքում սահմանն է, շատ տներ վթարային են: Այստեղից արտագաղթը կանխելու միջոցներից են ամուր տանիքն ու կենցաղային բավարար պայմանները:
«Մի եղիր անտարբեր: Շուրջ տասը տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ոչ պատահականորեն, առաջնորդվում է այս կարգախոսով: Անտարբերությունը չարիք է ծնում, իսկ հոգատարությունը՝ սեր, հավատ, ուժ, ապրելու եւ ստեղծագործելու մեծ ցանկություն: Այսօր, առավել քան երբեւէ՝ այդ մոտեցումը կարեւոր է մեր ազգի համար: Անհաշտ հարեւանի հետ երկար սահմանագիծ ունեցող երկրի բնակիչը պետք է վստահ լինի, որ իր թիկունքում էլ կանգնած մարդիկ կան, ովքեր պատրաստ են աջակցել եւ ամրացնել լավ ապագայի հավատը: Քարը քարին դնել պատրաստվող կամավորների այս խումբն այդ հավատը սերմանելու համար է նաեւ այստեղ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ցավոք, Հայաստանում դեռ շատ մարդիկ կան, որ չունեն ամուր տանիք ու ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Մ՞իթե կա ավելի հաճելի բան, քան սեփական հողում սեփական տուն ունենալը: Այնքան ուրախալի է տեսնել այս մարդկանց երջանկությունը: Հույս ունեմ, որ յուրաքանչյուր քարը, որ դրվում է կառուցվող տան հիմքում, ու յուրաքանչյուր մեխը, որ խփվում է, ամրացնում է մեր կամքը. կառուցում ենք տուն՝ ուրեմն նաեւ համայնք ու հայրենիք»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ՝ սահմանամերձ Խաչիկ գյուղում 2008թ.-ին չորս տուն է կառուցվել եւ վերանորոգվել: Հայաստանի տասը մարզում այս տարի բնակարանաշինության ծրագրով կվերանորոգվի եւ ավարտին կհասցվի 40 տուն: Հաջողված համագործակցության շնորհիվ՝ 53 ընտանիք ապահով կացարան ունի: Այս տարի եւս 40 ընտանիք կհամալրի այս ցուցակը:




























