Յունիբանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգի ներդրումն ուղղված է տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության պահպանությանը, բանկի ծառայությունների որակի եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Յունիբանկն իր գործունեության մեջ կիրառում է նորագույն սարքեր, տեխնոլոգիաներ եւ լավագույն ընկերությունների կողմից մշակված ծրագրային ապահովում: Դիագնոստիկ աուդիտի արդյունքները ցույց են տալիս, որ բանկում ներդրված համակարգը համատասխանում է ISO 27001:2013  միջազգային ստանդարտների պահանջին:

 «Մեր համագործակցությունը Յունիբանկի հետ այս գործընթացի շրջանակներում հիմնված է եղել բանկի աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հետեւողական աշխատանքի սկզբունքների հիման վրա։ Շնորհիվ նման արդյունավետ աշխատանքի՝ մենք կարողացանք գործընթացի ավարտին դրական արդյունք ապահովել», - նշեց «ASB Management - Բյուրո Վերիտաս Armenia» ընկերության տարածքային զարգացման ղեկավար Ստեփան Բարաքիանը։

Տեղեկատվական անվտանգության ապահովումը բոլոր բիզնես գործընթացներում մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: Այս տարի նախատեսվում է նաեւ ձեռքբերել նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության եւ ապահովության ամենաբարձր TIER3 միջազգային ստանդարտին:

Հիշեցնենք, որ Յունիբանկը յուրաքանչյուր տարի անցնում է նաեւ  PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը: PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան: