ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մայիսի 27-ին, ընդունել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:

Ընդգծելով ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը` նախարարը հույս է հայտնել, որ դրանք կունենան շարունակական բնույթ` ներառելով գյուղատնտեսական այլ ճյուղեր եւս:

«Առաջիկայում մենք  նպատակ ունենք ընդլայնել ՊԳԿ-ի հետ համագործակցության շրջանակները եւ իրականացնել նոր համատեղ ծրագրեր` ելնելով ՀՀ գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթություններից», - նշել է իր խոսքում նախարարը:  

 Այս համատեքստում նախարարը, մասնավորապես, կարեւորել է հակակարկտային ցանցերի, ոռոգման նորագույն համակարգերի, ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների ներդրման, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման եւ համարակալման անհրաժեշտությունը:

Անտոնիո Ալոնզին տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստանում նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր ձկնաբուծության ոլորտում:

Մաղթելով  արդյունավետ աշխատանք կոնֆերանսի ընթացքում`Անտոնիո Ալոնզին եւս մեկ անգամ ընդգծել է իր պատրաստակամությունը` օժանդակություն ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: