Մայիսի 23-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում դիտարկված բավական մեծ ուժգնությամբ պտտահողմը Հայաստանի համար աննախադեպ երեւույթ էր: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:

«Պտտահողմը առաջանում է միայն ամպրոպային ամպում, ուժեղ վերընթաց հոսանքների արդյունքում, եւ հանրապետության տարածքում դիտվում է 30-40 տարին մեկ անգամ, դրանք հիմնականում տարածված են ԱՄՆ-ում»,-ասաց նա՝ նշելով, որ մայիսի 23-ին հանրապետությունը գտնվում էր ակտիվ ցիկլոնային գոտում, որից էլ ձեւավորվել էր պտտահողմը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մայիսի 23-ին ՀՀ Կոտայքի մարզում մոլեգնած մրրիկից 3 հովիվ է վիրավորվել։ Մրրիկը հասել է տղամարդկանց այն պահին,  երբ նրանք նստել են մեքենան եւ օդ բարձրացնելով մեքենան՝ նետել է ցած։ Դրա հետեւանքով հովիվներից երկուսը դուրս են նետվել մեքենայից, իսկ երրորդ հովիվը մեքենայով գլորվել է բլրից ցած։ Նրանք բոլորը տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց։ Նյարդավիրաբուժական միջամտության անհրաժեշտության պատճառով վիրավորներից մեկին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: