«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող, «Կասեցում» շարժման ակտիվիստ, ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի գործով հարցաքննվել է այն անձնավորությունը, ով ահազանգել էր «Շտապօգնություն»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանը:

Նա նշեց, որ գործով որեւէ նորություն չկա, ԲՀԿ խմբակցությունից դիմել են  ոստիկանություն, որպեսզի մանրամասներ իմանան քննության ընթացքից: Արտակ Խաչատրյանը շեշտեց, որ երկու տարբերակ կա՝ կամ չեն ցանկանում գործը բացահայտել, կամ էլ չեն կարողանում: «Ավելի լավ կլիներ հավատայի, որ չեն կարողանում բացահայտել, բայց դա քիչ հավանական է: Եթե չեն կարողանում բացահայտել, ուրեմն պիտանի չեն, ու պարապ տեղը սնվում են պետական միջոցներից: Չգիտեմ, միգուցե եկել հասել են նրան, որից չեն կարողանում դրանից այն կողմ առաջ գնալ: Ես վստահ եմ, որ իշխանությունների օրոք այս գործը չի բացահայտվի: Բայց ես չեմ լռելու, որպես ՀՀ քաղաքացի՝ պահանջելու եմ, որ գործը բացահայտվի, թող ապացուցեն, որ դրա հետ պետությունը եւ իշխանությունները կապ չունեն»,-ասաց ակտիվիստը:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի 100 հազար դոլար տալու խոստումին, նա նշեց, որ ինքը դրանից ոչ խոստում տալիս է տեղյակ եղել, ոչ էլ այժմ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին դիմակավորված եւ զինված անհայտ անձիք առեւանգել են: Նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Քննչական կոմիտեն պարզել է, թե ինչ մեքենայով են առեւանգել Արտակ Խաչատրյանին։ Ծառուկյանը այս դեպքի հետկապված հանդիպել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ԲՀԿ նախկին առաջնորդը 100 հազար դոլար էր խոստացել նրան, ով քննության համար էակն տվյալ կհայտնի: