Ռուսաստանցի գործարարները ակտիվորեն հետաքրքրվում են Հայաստանում փաթեթավորված սուրճով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Raffael Contini Trading Company ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մխջյանը:
Նրա խոսքով վերջերս ինքը ոչ մեծ խմբաքանակով նմուշներ է ուղարկել Կրասնոդար, իսկ օրերս այդ ապրանքով հետաքրքրվել են գնորդներ Պյատիգորսկից:
«Հիմնականում դրանք տեղի հայերն են, որոնք լսել են, որ ԵՏՄ ներսում Հայաստանից ներմուծումը պարզեցվել է»,-ասել է Մխջյանը:
Նա նկատել է, որ Ռուսաստանում սուրճի շուկան շատ է տարբերվում հայկականից, այնտեղ ավելի քիչ, բայց որակյալ սուրճ են խմում, հաճախ դրանք խոշոր աղացած են:
«Նրանք չեն սիրում ժամերով կանգնել սրճեփի կողքը: Լցնում են սարքի մեջ, խմում ու գնում իրենց գործին: Սրճաղացը Ռուսաստանում օգտագործում են տեղի հայերը: նոր շուկայում ես հույս ունեմ նոր արտադրանք վաճառել՝ լուծվող սուրճ՝ սերուցքով ու շաքարով»,-հավելել է Մխջյանը:




























