Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մի խումբ բնակիչներ ահազանգում են, որ  վերջին օրերին քաղաքում հաստաբուն ծառերի զանգվածային հատումներ են սկսվել։

NEWS.am-ի հետ զրույցում քաղաքի բնակիչներն ասացին, որ քաղաքի «Զիմ» գործարանի դիմացի բոլոր հաստաբուն եղևնիները կտրել են։

« Շատ հաստ ծառեր էին, կտրեցին, դրեցին գրուզավիկի մեջ ու տարան.: Այդ տարածքում է գտնվում նաև լավաշի արտադրամասը, հագուստի խանութ, ու կարծում ենք, որ ծառերը կտրում են, որովհետև խանգարում են առևտրի կետերի տերերին: Վատն էն ա, որ հատում են, բայց նորերը չեն տնկում, որ սենց շարունակվի, մի քանի տարի հետո Սևանում ընդհանրապես ծառ չի մնա»,-պատմեց մտահոգ բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ: Մեկ այլ սևանցի էլ նշեց, որ իրենց տեղեկություններով այդ տարածքում առևտրի նոր կետ են սարքում, որի սեփականատիրոջը հարմար չեն ծառերը:

Սևանի քաղաքապետարանի Ռուդիկ Ղուկասյանը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց, որ ծառերը կտրել է սեփականատերը։

«Կա համապատասխան ավագանու որոշում, և էնպես չի, որ հենց նենց կտրվում են , դրանք փտած ծառեր են, կտրում են, որ նորը տնկենք: Այդ տարածքը սեփականաշնորհված տարածք է, և սեփականատերն էլ կտրել է` նորը տնկելու համար»,– ասաց քաղաքապետը։

Սևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է ծառերը կտրելու թույլտվության քաղաքի ավագանու որոշումը, որում նշվում է, որ 50 տարեկան ծառերը «գերաճ են տվել, խախտվել է արմատային սիստեմի եւ սաղարթների կորելացիոն կապը, որի հետեւանքով դրանց արմատները շատ տեղերում թափանցել են նույնիսկ փողոցների կոմունիկացիոն ցանցերը, շենքերի նկուղային հարկերը, առանձին տեղերում սաղարթները խանգարում են հետիոտներին, քամիների ժամանակ վտանգավոր են շենքերի լուսամուտների եւ պատշգամբների համար»։ Այս պատճառաբանությամբ քաղաքի ավագանին որոշել է 47 ծառ կտրելու թույլտվություն տալ եւ դրանց փոխարեն տեղադրել համայնքի բնակլիմայական պայմաններին համապատասխան նոր տնկիներ»։

Ի դեպ, քաղաքապետի խոսքով, այս տարի նոր ծառերն անպայման կտնկվեն, սակայն սևանցիները նշում են, որ անցյալ տարի էլ բազմաթիվ ծառեր են կտրել, բայց այդպես էլ նորերը չեն տնկել։