Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր եւ հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանը մասնակցեց «Բալկաններ-Սեւ ծով խաչմերուկ. նոր մեկնակե՞տ» խորագրով Վառնայի ֆորումին, որին մասնակցում էին նաեւ հայտնի քաղաքական գործիչներ եւ փորձագետներ Ավստրիայից, Ալբանիայից, Խորվաթիայից, Կիպրոսից, Վրաստանից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Գերմանիայից եւ Բելգիայից:
Ֆորումի նախաձեռնությունը պատկանում էր Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Բուլղարիայի ԱԳ նախկին նախարար Գեորգի Պիրինսկու Համերաշխության հասարակության հիմնադրամին, Բուլղարիայի ԱԳ նախկին փոխնախարար Լյուբոմիր Քյուչուքովի Տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտին եւ գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամին:
Ս. Սաֆարյանը ելույթներ ունեցավ ֆորումի բոլոր երեք նիստերում ու եզրափակիչ նիստում՝ խոսելով Արեւելյան գործընկերության տարածքում ստեղծված իրավիճակի, Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ նոր Սառը պատերազմի հեռանկարների ու մարտահրավերների, էներգետիկ եւ անվտանգության խնդիրների մասին: Ֆորումն առանձնացավ վարվող քաղաքականությունների անաչառ քննադատությամբ ու կատարված բազմակողմ սխալների վերլուծությամբ:
Այդ համատեքստում Սաֆարյանը հանգամանորեն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ու եվրաասոցացման համաձայնագրի ստորագրման վիժեցման գործընթացը՝ նշելով թույլ տրված սխալները: Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումներից, նորանկախ փոքր պետությունների ազգային եւ անվտանգության շահերը շանտաժի ենթարկելուց զատ, նա խոսեց նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանին պատժելու ու սահմանը փակ պահելու քաղաքականության հետեւանքների մասին, որոնք բացասաբար են ազդում տարածաշրջանի վրա ու ավելի խորացնում նրա եվրասիականացումը:
Խոսելով էներգետիկ ծրագրերի մասին՝ Սաֆարյանը հանրագումարեց, որ Հայաստանը միշտ տուժել է դրանցից՝ կամ դուրս մնալով այդ ծրագրերից, կամ ստիպված է եղել Ռուսաստանի հանգույն դիրքավորվել դրանց հանդեպ, կամ էլ Արեւմուտքը չի օգնել նրան կյանքի կոչելու այնպիսիք (օրինակ, Հայաստան-Իրան տարանցիկ գազամուղը), որոնք ժամանակին կդիվերսիֆիկացնեին Հայաստանի էներգետիկ ոլորտը: Այս տեսանկյունից Սաֆարյանը կարեւորեց Արեւմուտք-Իրան բանակցությունները, որոնք կարող են հերթական հնարավորությունը բացել Ռուսաստանից՝ Հայաստանի ու տարածաշրջանի կախվածությունը նվազեցնելու առումով: Անվտանգության խնդիրների մասին խոսելիս Սաֆարյանն անդրադարձավ Ադրբեջանի աճող միլիտարիստական ու ավտորիտար դրսեւորումներին եւ կարեւորեց Արեւմուտքի ջանքերը՝ թույլ չտալու համար տարածաշրջանի ապակայունացումը, որը իսպառ կասկածի տակ կդնի նրա եվրոպականացման հեռանկարն ու ինտեգրացիոն նախագծերն ընդհանրապես:
Ֆորումի շրջանակներում Սաֆարյանն առանձնազրույցներ է ունեցել Բուլղարիայի նախկին արտգործնախարարներ Քրիստիան Վիգենինի եւ Գեորգի Պիրինսկու, Եվրոպական խորհրդարանի սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության նախկին ղեկավար Հանես Սվաբոդայի, Արեւելք-Արեւմուտք համաձայնության եվրոպական գրասենյակի հիմնադիր Ջիլբերտ Դոկտորոուի եւ ֆորումի այլ մասնակիցների հետ:





























