Ցավոք, մեր երկրում այսօր շատ երեխաներ կան, որոնք ստիպված են աշխատել ամբողջ օրը որպեսզի կարողանան  ընտանիքին օգնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ լրագրողներին ասաց «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը։

«Երեխաներն առաջին հերթին պետք է սիրո պտուղը լինեն, սիրված ու պաշտպանված լինեն իրենց ընտանիքներում, ջերմությամբ շրջապատված, առանց հոգսերի: Ցավոք մեր երկրում այսօր շատ երեխաներ կան, որոնք ստիպված են հոգալ իրենց հիվանդ ծնողների առողջության ծախսերը»,- նշեց նա։

Տեր Բագրատ Եպիսկոպոսն էլ նշեց, որ  ինչպիսի երեխաներ դաստիարակենք, այնպիսի ապագա էլ կունենանք։

«Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է պետական մակարդակով սահմանել առողջ ընտանիքի մոդել, որպեսզի մեր երեխաների իրավունքները տարբեր ոլորտներում ավելի պաշտպանված լինեն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է մտածել, ոչ թե երեխաների համար ապագա պատրաստելու մասին, այլ պետք է մտածել երեխաներին ապագայի համար պատրաստելու մասին։