Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չի պատրաստվում պատժել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին լրագրողին սպառնալու համար:

Այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը վստահեցրեց, որ «Շմայսի» հայտարարությունը, թե Սեյրան Օհանյանի կնոջը վարկաբեկող լրագրողին «կբռնաբարի, եթե բռնացնի», պետք չէ ուղիղ իմաստով հասկանալ:

«Ես սիրում եմ նուրբ խոսքը, բարեկիրթ խոսքը: Իսկ առհասարակ, որեւէ նշանակություն չունի, որ նա պատգամավոր է: Նա պատգամավոր է, դուք էլ լրագրողներ եք: Կարծում եմ, որ բոլոր քաղաքացիները կարող են ազատ արտահայտվել եւ մեկը մյուսին չպիտի վարկաբեկի»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ fnews.am-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը մասնավորապես ասել էր. «Այն մարդիկ ովքեր փորձում են  քար գցել  Պաշտպանության նախարարի ուղղությամբ, պարզապես սրիկաներ են: Եւ նրանք, ովքեր  այդ գործին են լծվել, լավ կանեն տեղները վեր ընգնեն, թե չա Աստված մի արասցե որ բռնեցիքն, ուղղակի բռնաբարվելու են»: