«Վերնիսաժի» գործով ամբաստանյալ Ներսես Մելքոնյանը համաձայն չէ խափանման միջոց կալանքը 1 միլիոն դրամ գրավի դիմաց փոխելու՝ իր պաշտպանի միջնորդության հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 31–ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ հրաժարվելով նախորդ նիստին իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ` պաշտպանական կողմի միջնորդությունից:
«Միջնորդում եմ, որ իմ եւ Արմեն Խաչատրյանի կողմից դատական նիստին ներկայացրած միջնորդությունը թողնեք առանց քննության, քանի որ այդպես է ցանկացել մեր պաշտպանյալը»,- ասաց պաշտպանը:
Դատական նիստը շարունակվում է:
Նշենք, որ պաշտպանը միջնորդել էր Ներսես Մելքոնյանին ազատ արձակել 1 մլն դրամ գրավի դիմաց: Նա իր միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ Ներսեսը ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, խնամքին թոշակառու հայր, ինչպես նաեւ մի շարք հիվանդություններ ունի:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:
Նշենք, որ դատախազ Հարություն Սարգսյանը նախորդ նիստին փոխել է առաջադրվող մեղադրանքը: Ըստ նոր մեղադրանքի՝ ամբաստանյալը ոչ թե դիտավորյալ սպանության փորձ է կատարել, այլ դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է հասցրել տուժողներին։ Գոռ Առաքելյանն այժմ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























