Չարենցավան քաղաքի  գազալցակայանը, տեղի է ունեցել պայթյուն եւ զոհվել է աշխատակիցը, գրանցված չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը: Նա նշեց, որ լցակայանը գրանցված չի եղել եւ փորձաքննություն չէր անցել: Այլ մանրամասներ չհաջողվեց պարզել, քանի որ Վոլոդյա Հովսեփյանը այժմ գտնվում է արտերկրում: Մեր տեղեկություններով՝ գազալցակայանի սեփականատերերից է նաեւ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ «Ֆլեշի Բարսեղը»:

Հիշեցնենք, որ Փրկարար ծառայությունը մայիսի 30-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության եւ ՃԿԱԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ-2101» մակնիշի 34SM551 համարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Խ. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից տեղում մահացել է գազալցակայանի աշխատակից 51-ամյա Գրիգոր Սիմոնյանը, իսկ 29-ամյա Մ. Խ.-ն  հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, ապահովել տեղանքի լուսավորությունը եւ իրականացրել հերթապահություն: