Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետեւ «Արմենիա» հիվանդանոց տեղափոխված Կոշ գյուղի բնակիչ 42-ամյա Գ. Պ.-ն ոչ թե թունավորվել է, այլ օձն է խայթել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոշի գյուղապետ Աշոտ Ենգիբարյանը:
Նա նշեց, որ երեկոյան ցորենի արտը ջրելիս օձը խայթել է իրենց համագյուղացու ոտքը, անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բոլոր միջոցառումները ձեռնարկել, բարեբախտաբար, այժմ վիճակը կայուն է:
Գ. Պ.-ն ամուսնացած է, ունի երկու դպրոցահասակ երեխա: «Շատ լավ տաղանդավոր երեխա ունի, «Կենգուրու» մրցույթում մաթեմատիկայի հաղթող է եղել, գնում ենք պատվոգիրը ստանանք, ցավոք, հայրը ներկա չի լինի, պետք է գար, բայց հիվանդանոցում է»,-ասաց Աշոտ Ենգիբարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 1-ին, ժամը 18.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ 18.00-ին թունավորման նախանշաններով Աշտարակ քաղաքի ԲԿ է դիմել Կոշ գյուղի բնակիչ 42-ամյա Գ. Պ.-ն, ով տեղափոխել է Արմենիա ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:





























