Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) անդամների կողմից իշխանությունների հետ համագործակցող իսլամիստական Huda par կուսակցության անդամներին սպանելու հետ կապված զեկույց է հրապարկել «Մարդու իրավունքի եւ ազատությունների միությունը»։

Թուրքական Aktifmedya կայքի փոխանցմամբ՝ «Մարդու իրավունքի եւ ազատությունների միությունը» ներկայացրել է ապրիլի 29-ին Huda par-ի 2 անդամի սպանության հետ կապված զեկույցը, որում նշվել է, որ դեպքից մեկ շաբաթ առաջ HDP-ի 60 հոգանոց նախընտրական քարոզչություն իրականացնող խումբը մեքենաներով մտել է Շրնաքի Քոզլուջա (Խենիքե) գյուղ եւ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) քարոզչությունն արել։

HDP-ի անդամները մոտեցել են 1990-ականներին թուրքական իշխանությունների հետ համագործակցող եւ PKK-ի հետ բախումներում սպանված քրդերի տներին եւ բղավել. «Կեցցե Ապոն, կեցցե PKK-ն, բոլորս հայ ենք»։

HDP-ի անդամները գյուղացիներին կոչ են արել միանալ իրենց եւ չհամագործակցել թուրքական իշխանությունների հետ։

Այս դեպքից մեկ շաբաթ հետո HDP-ի անդամները կրկին գյուղ են մտել, որի ժամանակ նրանց դեմ են դուրս եկել  թուրքական իշխանությունների կողմից ստեղծված Huda par իսլամիստական կուսակցության անդամ քրդերը։ Բախման ժամանակ HDP-ի քրդերը սպանել են իշխանությունների հետ համագործակցող Huda par կուսակցության անդամ 2 քրդերի։