Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության համաձայնագրի եւ համագործակցության ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների եւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության ծրագրերը: Մայիսի 29-30-ը  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պատվիրակության անդամները նախ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, որի շրջանակում քննարկել են համագործակցության ծրագրով նախատեսված առաջիկա համատեղ անելիքները:

Այնուհետ Երեւանից ժամանած պատվիրակությունը, Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ, այցելել է Գանձասարի եկեղեցի եւ տաճարին նվիրաբերել նոր ջահ: Գանձասարում պատվիրակության անդամներն այցելել են նաեւ եկեղեցու հարակից տարածքում կառուցվող մատենադարան, հետեւել շինարարական աշխատանքների ընթացքին: 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Ասկերանի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ: Արա Սադոյանը գործընկերոջ հետ քննարկել է մեկ տարի առաջ կնքված համագործակցության հուշագրի կետերը: Կողմերը քննարկել են նաեւ Ասկերանում «Երեւանյան» պուրակի կառուցմանն առնչվող ընթացիկ հարցեր:

Ասկերան կատարած այցի շրջանակում Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ միասին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ տեղի զորամասերից մեկը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զինծառայողներին՝ Արա Սադոյանը բարի ծառայություն է մաղթել նրանց: