Գազալիցքավորմամբ աշխատող մեքենաներում տեղադրված գազի բալոնները չեն անցնում օրենքով նախատեսված 2 տարին մեկ անգամ պարտադիր ստուգումը: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողներին ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը` նշելով, որ պայթյունների համար ոչ միշտ են մեղավոր գազալցակայանները։

«Գազալցակայաններն այդքան մեղավորություն չունեն, որքան մեքենաներում գազի բալոնների վիճակը, որոնք նորմալ տեխզննում չեն անցնում: Տեխզննման կետը պետք է գազաբալոնի վիճակի մասին նորմալ փաստաթուղթ ներկայացնի, բայց որ տեխզննում չի անցնում, ի՞նչ ներկայացնի»,-ասաց նա:

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ մեքենաների գազաբալոնները տեխզննում չանցնելու մասին փաստում է նաեւ այն, որ չկա որեւէ վիճակագրություն, թե քանի մեքենայում է հայտնաբերվել ոչ սարքին գազաբալոն:

«Աքիլլեսի» նախագահի խոսքով՝ գազալցակայաններում վերջերս գրանցված պայթյունների պատճառն այն է, որ վերահսկողություն չկա այս ոլորտում:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն կենտրոնի իրավաբան Արմինե Մկրտչյանն էլ նշեց, որ շատ դեպքերում հին գազաբալոններ են տեղադրում մեքենաներում, ինչն էլ պայթյունի պատճառ կարող է դառնալ:

«Վերահսկողություն պետք է լինի, թե ինչ գազաբալոն են տեղադրում մեքենայում, ինչը չկա: Արդյունքում մեղավոր դառնում է կամ վարորդը, կամ գազալցակայանը»,-ասաց նա: