Հայաստանում ավտոմեքենաների սարքին լինելու համար պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն վարորդները, այլեւ ավտոմեքենաների տեխզննման կետերը: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողներին ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման կետերը ձեւական բնույթ են կրում եւ մեքենաների պատշաճ զննություն չեն իրականացնում:

«Մեր օրենսդրությամբ ամրագրված է, որ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի համար պատասխանատու է վարորդը, այսինքն օրենքով ամրագրել են, որ ինչ էլ պատահի, պատասխանատվությունը կրելու է այն անձը, որը ղեկին է, եւ ոչ մի պատասխանատվություն չի կրելու այն տեխզննման կետը, որն իրականացրել է տվյալ մեքենայի տեխզննումը»,-ասաց նա:

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում տեխզննման կետերն իրականում ստուգումներ չեն իրականացնում, ինչի հետեւանքով էլ գազալցակայաններում հաճախակի մեքենաներ են պայթում:

«Մեքենայում գազի բալոնի սարքին լինելու հարցն էլ հենց տեխզննման կետն է որոշում, եւ այստեղ կապ չունի՝ գազի բալոնն է հին, թե խողովակն է մաշված, դա պետք է տեխզննման կետը որոշի»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում գազալցակայաններում հաճախակի են դարձել պայթյունները: Թեեւ ՏԿԱԻՆ պաշտոնյաները պնդում են, որ ստուգումներ են իրականացվում գազալցակայաններում եւ իրավիճակը վերահսկվում է, հանրապետության տարբեր վայրերում գազալիցքավորվող մեքենաներ են պայթում: Վերջին դեպքը մայիսի 30-ին էր Կապանում. Գազալցակայանի աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Երեւան, որտեղ էլ հունիսի 2-ին առավոտյան մահացել էր: