Հայաստանում եռամյա ավագ դպրոցի համակարգի ներդրումից հետո դիմորդները, միեւնույն է,  շարունակում են բուհ ընդունվելու համար դիմել կրկնուսույցների ծառայություններին:

Այսօր՝ հունիսի 2-ին, «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն»  առարկաներից  միասնական քննություն հանձնող դիմորդների ծնողները, NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց երեխաները 1-ից 2 տարի՝ միջինը 30 հազար դրամ ամսավճարով պարապել են կրկնուսույցի մոտ:

«Եթե դպրոցում նորմալ ուսուցում լինի, պետք է որ երեխաների գիտելիքները բավարար լինեն բուհ ընդունվելու համար, բայց այդպես չէ: Խնդիրն այն է, որ ավագ դպրոցում կրթական պրոցեսն այնպես չէ կազմակերպված, որ արդյունավետ լինի: Ենթադրվում էր, որ ավագ դպրոցում պետք է կենտրոնանային այն առարկաների վրա, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար, բայց, դժբախտաբար, այդպես չէ»,- ասաց դիմորդներից մեկի հայրը՝ Վարուժան Հոկտանյանը:

Նրա խոսքով` ավագ դպրոցի խնդիրներից է նաեւ այն, որ հոսքային դասարաններում ոչ բոլոր առարկաներն են անցնում։ Օրինակ, Վարուժան Հոկտանյանի դուստրը՝ Օֆելյան ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետ է ուզում ընդունվել, ինչի համար անհրաժեշտ է միասնական քննություն հանձնել «Կենսաբանություն» եւ «Հայոց լեզու» առարկաներից: Օֆելյան ընտրել է հումանիտար հոսքը, որտեղ «Կենսաբանություն» չեն անցնում, հետեւաբար նա ստիպված է կրկնուսույցի ծառայությունից օգտվել։

«Իրեն «Հայոց լեզու» էր պետք եւ «Կենսաբանություն»: Բայց հոսք չկա, որտեղ երկու առարկաներն էլ անցնում են: Տարբեր հոսքերի առարկաներ են, բայց անհրաժեշտ են ընդունելության համար: Դրա համար էլ աղջիկս ավարտեց դպրոցը եւ եւս մեկ տարի «Կենսաբանություն» պարապեց»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Դիմորդների ծնողներից ոմանք էլ բողոքեցին, որ թեեւ աշակերտների մի մասը բնագիտական հոսքում է սովորել, սակայն «Կենսաբանություն» առարկա ընտրողների թիվն այնքան փոքր է եղել, որ նրանց համար առանձին դասաժամեր չեն հատկացվել եւ այդ աշակերտները նույնպես ստիպված են եղել դիմել կրկնուսույցի: