Սահմանամերձ գյուղերում երեխաների սոցիալական պայմաններն իսկապես շատ վատն են եւ բարեգործությամբ հնարավոր է լուծել բազմաթիվ խնդիրներ։ Այս մասին NEWS.am–ին ասաց հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը, որն ամուսնու` Գոռ Պետրոսյանի եւ դստեր հետ մայիսի 31–ին մասնակցում էր NEWS.am–ի ամենամյա բարեգործական ակցիային։

«Վերջին շրջանում շատ լինելով սահմանամերձ գյուղերում՝ սարսափելի տեսարանների եմ ականատես եղել: Եթե կարողանան նման միջոցառումները մի քանի երեխայի խնդիրներն էլ լուծեն, հիանալի կլինի»,– ասաց հաղորդավարուհին, որի խոսքով` հաճելի էր տեսնել, թե մարդիկ ինչ պատրաստակամությամբ էին մասնակցում պաղպաղակի բարեգործական վաճառքին։

Հաղորդավարուհու կարծիքով` երեխաներին երջանիկ մանկություն ապահովելու համար ֆինանսական զգալի միջոցներ հարկավոր չեն, ամենակարեւորը սերը եւ ջերմությունն են։

«Երեխան թանկ խաղալիք, հագուստ չի պահանջում, նրա պահանջները մինիմալ են: Ավելի լավ է 1 ժամ անցկացնել երեխայի հետ, հետաքրքիր, գժական խաղ խաղալ, քան նվիրել թանկարժեք խաղալիք: Գումարը հարկավոր է երեխայի առողջ սննդի համար, իսկ առհասարակ ֆինանսական քիչ միջոցներով հնարավոր է առողջ եւ երջանիկ երեխա մեծացնել»,- ասաց Մերի Ներսիսյանը:

Իր դստերը Մերի Ներսիսյանը դաստիարակում է` ազատություն տալով` երբեք չի պատժում, ոչինչ չի արգելում։

Նշենք, որ բարեգործական ակցիային, որտեղ NEWS.am–ի անձնակազմի հետ Հյուսիսային պողոտայում պաղպաղակ են վաճառել շոու բիզնեսի աստղերը, քաղաքական գործիչները, մարզիկները, հավաքվել է 1 մլն 225 հազար դրամ եւ 6900 ԱՄՆ դոլար։ Գումարն ամբողջությամբ տրամադրվելու է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Փամբակ եւ Դարանակ գյուղերի սոցիալապես անապահով երեխաներին։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am