Հաղորդավար Վահե–Տեր Մինասյանը կոչ է անում բարեգործության համար միշտ ժամանակ գտնել ու թեկուզ փոքր ներդրում ունենալ հատկապես երեխաներին վերաբերող բարի գործերին։ Հաղորդավարը, որը մայիսի 31–ին մասնակցում էր NEWS.am–ի ամենամյա բարեգործական ակցիային և Հյուսիսային պողոտայում մի քանի ժամ պաղպաղած վաճառեց այլ հայտնի անձանց հետ, նշեց, որ շատ լավ ու բարի տպավորություններ ունի ակցիայից։

«Մարդը միայն ուտելու ու խմելու համար չի ստեղծված, պետք է լավ գործեր էլ անի: Բարի գործի համար երբեք ոչ ոք ժամանակ պետք է չխնայի։ Մեծ սիրով եմ ընդունել հրավերը»,–ասաց Վահե Տեր–Մինասյանը։

Նրա խոսքով` ինքը լավ մանկություն է ունեցել, հրաշալի ծնողներ, այժմ փորձում է նույնը տալ իր երեխաներին և հունիսի 1–ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մաղթում է, որ բոլոր երեխաների մանկությունը երջանիկ լինի։

«Մեր սերունդն ու մանկությունն ուրիշ էր, հիմա երեխաների համար  խաղալիքները, ուտելիք, ամեն ինչ կա ու հասանելի է, իսկ այն ժամանակ չկար»,–ասաց Տեր–Մինասյանը:

Նշենք, որ բարեգործական ակցիային, որտեղ NEWS.am–ի անձնակազմի հետ Հյուսիսային պողոտայում պաղպաղակ են վաճառել շոու բիզնեսի աստղերը, քաղաքական գործիչները, մարզիկները, հավաքվել է 1 մլն 225 հազար դրամ եւ 6900 ԱՄՆ դոլար։ Գումարն ամբողջությամբ տրամադրվելու է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Փամբակ եւ Դարանակ գյուղերի սոցիալապես անապահով երեխաներին։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am