Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով վկա Արթուր Աբրահամյանը պնդում է, որ իր նախաքննական ցուցմունքները սուտ են, քննիչներն իրեն սպառնալով ստիպել են գրել այն, ինչ իրենք են թելադրել: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս ասաց վկան՝ նշելով, որ ինքը մի քանի անգամ ցուցմունք է տվել, սակայն հրաժարվել է իր մի ցուցմունքից, որը չէր համապատասխանում իրականությանը:

«Քննչական են կանչել, ասել եմ` հետ եմ վերցնում խոսքերս: Իրենք փետով ինձ սպառնացել են, ծնողներովս են սպառնացել, որ իրենց ասածը գրեմ, իբր ես տեսել եմ, թե ինչպես է Մանուչարը Բաբկենի հետ մտել կենցաղային սենյակ, հետո անտրամադիր այնտեղից դուրս եկել: Ես դեմքով Մանուչարին չգիտեմ, ո՞նց կարող էի նրանց միասին տեսնել»,- ասաց դեպքի օրը առավոտյան հերթապահություն իրականացրած զինծառայողը:

Արթուր Աբրահամյանը վստահեցրեց, որ սպառնալիքների ու ճնշումների տակ գրած իր նախաքննական ցուցմունքում իր գրածը, թե մահացած Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող, նույն զորամասի սերժանտ Բաբկեն Գաբոյանը վաշտում հեղինակություն է եղել, սուտ է:

«Բաբկենը խելոք իր համար ծառայել է: Մանուչարին չեմ ճանաչել, դեպքից 5 օր առաջ էի եկել այդ վաշտ, բայց գիտեմ, որ իրար հետ խնդիրներ չեն ունեցել: Չգիտեմ՝ լավ ու հարց լուծող տղա է եղել, թե ոչ, բայց իրան նույնիսկ ավել անելուց եմ տեսել, երբ սերժանտ չէր»,- ասաց վկան։

Վկան նաեւ ասաց, որ չի ճանաչել ինքնասպան եղած Մանուչար Մանուչարյանին, նրա մասին  միայն դեպքից հետո է լսել. «Շուխուր էր ընկել, որ ինքն իրան զենքով խփել ա»:

Նշենք, որ մեղադրողը հրապարակեց նախաքննական ցուցմունքը, որում վկան պատմել է այն մասին, որ Բաբկեն Գաբոյանը «լավ տղա» է եղել, եւ բոլոր զինծառայողները, այդ թվում` ինքը, խուսափել են նրա հետ խնդիրներ ունենալուց:

Նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո էլ Արթուր Աբրահամյանը մի քանի անգամ եւս պնդեց, որ այդ ցուցմունքն ինքը ճնշումների տակ է գրել եւ հրաժարվում է դրանից։ Նա նաեւ վստահեցրեց, որ կճանաչի իրենից սպառնալիքների տակ նախաքննական ցուցմունք կորզած անձին, թեւ նրա արտաքինը նկարագրել չկարողացավ: Մեղադրողը հայտարարեց, որ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ հաղորդում կտա Հատուկ քննչական ծառայության, Արթուր Աբրահամյանը նույնպես, հնարավոր է, պատասխանատվության ենթարկվի կեղծ ցուցմունք տալու համար։

Վերջին  հայտարարությունը զայրացրեց ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանին. «2 տարի անիմաստ բռնված ենք, սուտ մեղադրանք են դրել վրեքներս, հազիվ մի վկա է եկել, ճիշտ բան է ասում, դա էլ ասում է՝ սենց չէ, նենց է»:  

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը պատրաստակամություն հայտնեց քննության ամբողջ ընթացքում փաստաբանական աջակցություն տրամադրել վկա Արթուր Աբրահամյանին:

Ի դեպ, նույն գործով որպես ամբաստանյալ է ներգրավված տուժող Մանուչար Մանուչարյանի վաշտի հրամանատար Արման Ստեփանյանը, որը վկայի խոսքով նույնպես հեղինակություն չի եղել, եւ կարգապահ զինծառայող է եղել:

Ըստ մեղադրականի՝  ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանը եւ Արման Ստեփանյանն իրենց անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել են իրենց լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ: Պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետևանքով շարքային Մ.Մանուչարյանի մոտ զարգացել է «սուր դեպրեսիվ հակազդում»` ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով, արդյունքում, վերջինը 31.07.2013թ. ժամը 13.00-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն:

Բաբկեն Գաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ, 358.1 հոդվածի 4-րդ մասով, իսկ Արման Ստեփանյանին՝ 358.1 հոդվածի 4-րդ մասով: