Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ պայքարող՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ին մեծ բողոքի երթ է խոստանում: Նախաձեռնության անդամներն այսօր՝ հունիսի 2-ին, Երեւանի կենտրոնում երթի մասին իրազեկող թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին:

«Երթը լինելու է ժողովրդի կողմից ճոճվող սուր բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն նույն տեմպերով պահել որեւէ կառույցի շահերը: Նախորդ երթին բազմաթիվ մարդիկ միացան մեզ ճանապարհից, ակնկալում ենք, որ այս անգամ նույնպես նրանց թիվը մեծ կլինի: Հիմա էլ, որ թռուցիկներ ենք բաժանում, մարդիկ բավական դրական են արձագանքում, շատ քչերն են, որ անտարբեր են անցնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Մաքս Սարգսյանը:

Նախաձեռնության անդամները ոչ միայն թռուցիկներ բաժանեցին, այլեւ բարձրախոսով  իրազեկեցին երթի մասին:

Նշենք, որ երթը կմեկնարկի Ազատության հրապարակից հունիսի 19–ին, ժամը 18:30-ին:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր հաստատել է, որ էլեկտրաէներգիան կթանկանա, սակայն չի նշել, թե որքանով: