Ավտովթարի հետևանքով վիրավորված տաքսու վարորդի եւ ուղեւորուհու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` Երևանի բնակիչ, 62-ամյա Վալերի Մնացականյանի վիճակը կայուն ծանր է, իսկ Արմավիրի բնակչուհի 33–ամյա Արմինե Ալեքյանի վիճակը շարունակում է մնալ անկայուն ծանր:

 «Արմինեն շարունակում է մնալ անգիտակից վիճակում, նա միացված է շնչառության արհեստական ապարատին: Վարորդը գիտակից վիճակում է, կարողանում է ինքնուրույն շնչել: Երկուսի մոտ էլ էական փոփոխություն չկա»,-ասաց Մուրադյանը:

Արմինե Ալեքյանի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Տաքսի մեքենայի վարորդի մոտ առկա է դիմային գանգի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, կողոսկրերի կոտրվածք։

Հիշեցնենք, որ տաքսու մյուս ուղեւորուհին` Երեւանի 47–ամյա բնակչուհի Սուսաննա Խաչատրյանը, մահացել է վթարից անմիջապես հետո։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով` Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հունիսի 2-ին՝ ժամը 05:11-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 համարանիշի եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L 3121 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդ՝ 33–ամյա Հովհաննես Սարգսյանին, «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ Վալերի Մնացականյանին, եւ ուղեւորուհուն` 33-ամյա Արմինե Ալեքյանին, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Ուղեւորներից Սուսաննա Խաչատրյանը մահացել է։