Երեւանի հիմնական դպրոցների 7-8-րդ դասարանցի 1500 աշակերտներ այցելել են Երեւան քաղաքի պատմության, Հայաստանի պատմության թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Եղիշե Չարենցի եւ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ թանգարանային էքսկուրսիաներ կազմակերպելու՝ Հյաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի այս նախաձեռնությանն աջակցել է Երեւանի քաղաքապետարանը։

Դպրոցականները Երեւան քաղաքի պատմության թանգարան այցելել են Երեւանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի ուղեկցությամբ։

Էքսկուրսավարներն աշակերտներին ներկայացրել են Երեւանի պատմության թանգարանը՝ ըստ դարաշրջանները ներկայացնող հարկաբաժինների, ծանոթացրել Երեւանի հազարամյակների պատմության դրվագներին, ապա՝ ցուցադրել Երեւանի 17-19-րդ դդ. մասին պատմող «Հին Երեւանի անցուդարձը»  եռաչափ գիդ-անիմացիան։