Կարսի քաղաքային իշխանություններն ուրախ են համագործակցել հայ եւ ռուս տուրօպերատորների հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը՝ մեկնաբանելով զբոսաշրջության մասնագետների այցը Կարս եւ Սարիղամիշ։

Այցելության ավարտին կազմվել էր Կարսի շրջանի հայկական եւ ռուսական մշակութային ժառանգության մասին պատմող ռուսերեն մի գիրք, որի շնորհանդեսը պատրաստվում է Երեւանում։

Գրքում  նկարագրված են բազմաթիվ հայկական հուշարձանները, որոնց թվում՝ քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Սրբոց Առաքելոց եկեղեցին։ Դրա հետ մեկտեղ գիրքը մանրամասն պատմում է Կարսում ռուսական ներկայության մասին։ Հիշատակվում է Ալեքսանդր Նեւսկու զորագնդի տաճարը, որը Առաքելոց եկեղեցու նման մզկիթի է վերածվել։

Խումբը եղել է նաեւ Սարիղամիշ քաղաքում, որտեղ դիտել է Նիկոլայ 2-րդի համար կառուցված որսատեղի փայտաշեն ապարանքը, որը կառուցված է գերաններից առանց գեթ մեկ մեխի։ Երկար ժամանակ հուշարձանը բարձիթողի վիճակում էր գտնվում, եւ միայն մի քանի տարի առաջ թուրքական կողմ սկսել է վերանորոգել այն։

Հայաստանից ու Ռուսաստանից ժամանած հյուրերին ընդունել է Կարսի փոխքաղաքապետը։  «Մենք լուսանկարվեցինք նրա գրասեղանի մոտ, որտեղ նա թուրքական դրոշի կողքին դրել էր Հայաստանի քարտեզը, Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները։ Հենց այդ լուսանկարն էլ հայտնվել էր թուրքական մամուլում»,-նշեց Մինասյանը։

Գրքի կազմման գործում կատարած աշխատանքի համար նրա հեղինակները շնորհակալության են արժանացել ՌԴ նախագահի կողմից։ «Մենք ընդհանուր գործ ենք անում։ Չէ՞ որ մենք ուզում ենք իմանալ մեր պատմությունը։ Նրա հետքերով ուզում ենք գնալ ոչ միայն մենք, այլ նաեւ ռուսները»,- հայտարարել է Տուրիզմի ինստիտուտի ռեկտորը։ Գրքում մանրամասն նկարագրվում են Կարսի մարզի զբոսաշրջային երթուղիները։ «Քննարկելու ենք  ռուսական զբոսաշրջության օպերատորների հետ Հայաստան եւ Թուրքիա համատեղ այցերի հնարավորությունը։

Հայաստանում ռուս զբոսաշրջիկներին անհրաժեշտ է ծանոթացնել նաեւ Գյումրիի հետ, որտեղ ցարի ժամանակներից քիչ շինություններ չեն մնացել։ Բացի այդ, զբոսաշրջիկների հոսքը կյանք է հաղորդում 1988թ. երկրաշարժից ավերված խորհրդային տարիների արդյունաբերական կենտրոնին։ Մենք ցանկանում ենք առաջարկել ծրագիր՝ 5 օր Հայաստանում, 5 օր Թուրքիայում, իսկ հայկական մասում ներառել մեկօրյա այց Գյումրի»,-եզրափակեց Ռոբերտ Մինասյանը։