Հունիսի 2-ին Երեւանի Վերին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 45 տանը բռնկված հրդեհի պատճառները հայտնի կդառնան 10 օրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՏԿԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:
Մեզ փոխանցեցին, որ այժմ ընթանում է հետաքննություն, որը կպարզի դեպքի հանգամանքները եւ պատճառները: Իսկ նախնական տեղեկություններով՝ հրդեհի առաջացման պատճառը երեխաների բաց կրակով խաղալն է եղել:
Նշենք, որ հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվել է տան հյուրասենյակը՝ գույքով, մասամբ՝ ննջասենյակը, շքամուտքը եւ պատշգամբը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փրկարար ծառայությունը հունիսի 2-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 45 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.42-ին, մարվել` 19.56-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխաները (3 եւ 5 տարեկան) տնից դուրս են բերվել տեղի ուժերով. վնասվածքներ չունեն:




























