ՌԴ մուտքի արգելանք ունեցող՝ Հայաստանի 2215 քաղաքացիների վրայից հանվել է արգելանքը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Նրա խոսքով՝ գործընթացի սկզբից ծառայությանն են դիմել ՀՀ 8794 քաղաքացի, դիմումներից 8204-ն արդեն ուղարկվել է ՌԴ՝ քննարկման համար:
«ՌԴ-ից պատասխաններ են ստացվել 5594 դիմումների վերաբերյալ, ընդ որում 2215 քաղաքացիների համար արգելանքը հանվել է: Այս տարվա սկզբից դրական պատասխանների մեծացման միտումը մայիսի դրությամբ պահպանվել է. ՌԴ ԴՄԾ-ն համաձայնվել է իր իրավասության մեջ մտնող դիմումների 60.5%դեպքերում արգելանքը հանել: Ի դեպ, նշված ցուցանիշն ապրիլի դրությամբ 58% էր: Ստացվում է, որ 3 դիմումից 2-ի դեպքում պատասխանը դրական է»,- ասաց ծառայության պետը՝ նշելով, որ դիմումների ընդունելությունը շարունակվում է:
Նշենք, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումներով պայմանավորված` վերջին շրջանում բազմաթիվ ՀՀ քաղաքացիների նկատմամբ սահմանվել է ՌԴ մուտքի արգելք: ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) եւ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄՊԾ-ն հավաքագրում է ՌԴ մուտքի արգելքը վերանայելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին եւ փոխանցում դրանք Ռուսաստանի ԴՄԾ: Վերջինս դրանք քննարկելով որոշում է կայացնում մուտքի արգելքը բացելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Նշված աշխատանքները սկսել են տարվել 2014թ. մայիսի 28-ից:




























