Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ գործունեությունը եւ դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույցի, այլ նաեւ ամբողջ Եվրոպայում անվտանգության պահպանմամբ զբաղվող կազմակերպության: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է մշտապես աջակցելու Սերբիային՝ ԵԱՀԿ-ում նրա նախագահության ամբողջ ընթացքում՝ սերբական առաջնայնությունների իրականացման գործում:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ առկա արդյունավետ համագործակցության մասին՝ նշելով, որ մեր երկիրը ցանկություն ունի այդ համագործակցությունը շարունակել եւ խորացնել:

Հանրապետության նախագահը Իվիցա Դաչիչի հետ քննարկել է նաեւ հայ-սերբական երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ զարգացման հեռանկարները:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել բարեկամ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին եւ ընդգծել, որ ս.թ. ապրիլի 24-ին նրա ներկայությունը Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, ոչ միայն հայ-սերբական բարեկամության լավագույն արտահայտությունն էր, այլ նաեւ Սերբիայի հանձնառության վերահաստատումը՝ պայքարելու մարդկության հանդեպ հանցագործությունների դեմ:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ Երեւանում եւ Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը նոր խթան կհաղորդի հայ-սերբական բարեկամական հարաբերություններին բոլոր ոլորտներում:

Իվիցա Դաչիչը շեշտել է, որ Սերբիան եւս շահագրգռված է ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները եւ որոշակի քայլերով ու փոխշահավետ ծրագրերի իրագործմամբ զարգացնել երկկողմ փոխգործակցությունը:

ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների եւ ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում ՝ Կազմակերպության երեւանյան գրասենյակի համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներին եւ տարածաշրջանի մարտահրավերներին:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Մինսկի խմբի հետ՝ ձգտելով հիմնախնդրի կարգավորման՝ այն սկզբունքների ներքո, որոնք առաջարկել է Մինսկի խումբը՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա: