1972 թվականի ծնված տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձը։ Սպանությունը կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. հունիսի 3-ին`ժամը 00:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության 22 անձնակազմով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնությունը չպարզված տղամարդ՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։ Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով:

Դեպքի կապակցությամբ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է սպանվածի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ է։ Քննությամբ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սպանության բոլոր հանգամանքները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանում հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 43-ամյա Ազատ Առաքելյանը եւ գիտակցության չգալով՝ մահացել է: Այս մասինNEWS.am-ին հայտնել էին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ՝ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել պարանոցը կտրած վիճակում եւ 20 տեղից դանակահարված: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: