Փետրվարի 27-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացած  զինծառայող, Երեւանի բնակիչ, 19-ամյա Ալբերտ Սաֆարյանի ինքնասպանության նախնական վարկածը հերքվել է: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հայրը՝ Էմիլ Սաֆարյանը:

«Գործով զբաղվող քննիչն ինձ ասաց, որ ինքնասպանության վարկածը հերքվել է, իրականում սպանություն է եղել, սակայն այլ մանրամասներ չասաց: Մոտ օրերս հանդիպելու եմ քննիչի հետ գործի նյութերին ծանոթանալու համար»,-ասաց նա՝ նշելով, որ գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Նշենք, որ Ալբերտ Սաֆարյանի ծնողներն ի սկզբանե պնդում էին, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 27-ին, ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգով ստացած մահացու վնասվածքից` ստորին ծնոտի շրջանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ՝ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գևորգ Ղազարյանը և կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։