Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական գործողությունների հետեւանքով հունվարի 2-ի գիշերը վիրավորված զինծառայող Վոլոդյա Հարությունյանն արդեն վերադարձել է ծառայության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը, որի համագյուղացին է զինծառայողը:

Նա նշեց, որ Վոլոդյա Հարությունյանը լիովին ապաքինվել է եւ մեկնել ծառայության:

Նշենք, որ զինծառայողի թոքն ու երիկամն էր վնասվել: Նա նախ վիրահատվել է ԼՂՀ-ում, ապա տեղափոխվել Երեւան, որտեղ էլ ողնաշարի վիրահատության էր ենթարկվել:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ.-ի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:

Ցավոք, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: