Ավտովթարից վիրավորված «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի ավտոնեքենայի ուղևորուհի, Արմավիրի 33–ամյա բնակչուհի Արմինե Ալեքյանի վիճակը հարաբերական կայուն է: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:
«Արմինեի վիճակն այժմ հարաբերական կայուն է, սակայն շարունակում է մնալ ծանր, անգիտակից վիճակում և միացված է շնչառության արհեստական ապարատին: Վարորդի` Վալերի Մնացականյանի վիճակում փոփոխություն չկա, գիտակից է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր»,-ասաց Մուրադյանը:
Հիշեցնենք, որ տաքսու մյուս ուղեւորուհին` Երեւանի 47–ամյա բնակչուհի Սուսաննա Խաչատրյանը, մահացել է վթարից անմիջապես հետո:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով` Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հունիսի 2-ին՝ ժամը 05:11-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 համարանիշի եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L 3121 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդ՝ 33–ամյա Հովհաննես Սարգսյանին, «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ Վալերի Մնացականյանին, եւ ուղեւորուհուն` 33-ամյա Արմինե Ալեքյանին, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:




























