Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից, եւ նրան պետք է հանգիստ թողնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀԿ ԳՄ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու էր նախագահ Սերժ Սարգսյանը օրերս ` «Հայաստան»  կինոթատրոնի բացմանը կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին։

«Չի կարող երկրի նախագահը ինչ–որ մեկի կողքին կանգնել, մյուսներն են կանգնում երկրի նախագահի կողքին։ Ի՞նչ եք ուզում Գագիկ Ծառուկյանից, նա քաղաքականությունից դուրս է եկել, հանգիստ թողեք նրան։ Մենք փետրվարի 12–ին ասել ենք մեր քաղաքական դիրքորոշումը եւ այլեւս այդ հարցին չենք անդրադառնում։ Այդ թեման փակված է»,– ասաց Շարմազանովը։