Երեւանում հունիսի 2–ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Արմինեի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ կնոջ մոտ դեռ գիտակցություն չկա, վիճակը ծանր է: Հարաբերական կայուն է տաքսու վարորդի վիճակը:

Դիմեցինք փաստաբան, Եվրոպական դատական փորձաքննություն ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Նիկոլայ Բաղդասարյանին, որպեսզի կարծիք իմանանք, թե դատելով լուսանկարներից  եւ տեսանյութից՝ ով էր ողբերգական ելքով վթարի մեղավորը:

Նա նշեց, որ տեսանյութում հստակ չի երեւում՝ առկա է լուսաֆոր, թե ոչ եւ ով է առաջինը մտնում խաչմերուկ:«Եթե կա լուսաֆոր, ուրեմն՝ մեղավորն այն վարորդն է, ով մուտք է գործել չթույլատրված լույսի տակ, բայց եթե չկա լուսաֆոր, մեղավոր է այն վարորդը, ով մտել է երկրորդական փողոցից, սակայն հնարավոր է մեղավոր լինի նաեւ երթեւեկության մեջ առավելիություն ունեցող վարորդը, քանի որ հնարավոր է նա ունեցել է վթարը կանխելու հնարավորություն: Կոնկրետ այս դեպքով առաջին տպավորությունն այն է, որ մեղքը վարորդներից մեկինն է, ով մուտք է գործել խաչմերուկ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ»,-ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը ուշադրությունը հրավիրեց նաեւ մեկ այլ խնդրի վրա՝ վթարների մի զգալի մեծամասնությունը լինում են տաքսի մեքենաների մասնակցությամբ:

Փաստաբանը շեշտեց, որ տաքսի ծառայությունը դարձել է ստրուկի ծառայությու,ն, մարդիկ 24 ժամ աշխատում են առանց հանգստի, ու ինչքան շատ են աշխատում, այնքան շատ են լինում վնասները, որոնց փակելու համար պետք է ավելի շատ աշխատել, այսինքն՝ մի անելանելի շղթա է ստացվում, արդյունքում՝ տաքսի ծառայության աշխատակիցները այնքան գումար են տալիս սեփականատերերին, ինչքան այդ մեքենայի արժեքն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հունիսի 2-ին՝ ժամը 05:11-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 համարանիշի եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L 3121 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդին՝ Հ. Սարգսյանին, «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ Վ.Մնացականյանին, եւ  ուղեւորին` 33-ամյա Արմինե Ալեքյանին, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Ուղեւորներից Սուսաննա Խաչատրյանը մահացել է, երկու հոգի հոսպիտալացվել են: Քննչական կոմիտեից NEWS.am–ին տեղեկացրին, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով` Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։